Հայաստանում կձևավորվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ

04.05.2023, 12:26
Տարածքային ստորաբաժանումները կզբաղվեն  միայն ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների քննությամբ
Հայաստանում կձևավորվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կձևավորվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ Համապատախան նախագիծն ընդունվեց այսօր կառավարության կողմից։

Տարածքային ստորաբաժանումները կզբաղվեն միայն ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների քննությամբ:

«Նախագծով առաջարկվում է անհրաժեշտ նախադրյալ ստեղծել Ոստիկանությունում 4 հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավման և ծառայության գրավչության ապահովման համար: Այս առումով նախատեսվում է ստեղծել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ, ուղղաձիգ կառավարմամբ գործող տարածքային ստորաբաժանումներ, ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը: Նրանց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ հետախուզական գործունեության իրականացումը»,- ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Նաև կսահմանվի, որ համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների պետերը ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալները: Առանձին տեղակալի օղակ չի լինի:

Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են: Տարածքային ստորաբաժանումների ձևավորման համար առաջարկվում է անցկացնել բաց մրցույթ:

Քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները համարվելու են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած:–0–