Հայաստանում բրինձը կարող է դառնալ ռազմավարական ապրանք ցորենի փոխարեն․ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում բրինձը կարող է դառնալ ռազմավարական ապրանք ցորենի փոխարեն, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում անցկացվող «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով, մտածելով երկրի անվտանգության մասին՝ պետք է հաշվի առնել ոչ միայն պաշտպանական ասպեկտը, այլև ռազմավարական նշանակության ապրանքները։
«Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Մեկ պարզ օրինակ բերեմ միայն․ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի․ ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք։ Մենք հասկացել ենք, որ մեզ անհրաժեշտ է շատ բազմազանեցում, որպեսզի համապարփակ անվտանգության հայեցակարգի պահանջները բավարարվեն։ Խոսքը վերաբերում է ոչ միայն կոշտ անվտանգութանը, այլև տնտեսությանը, ռազմավարական ապրանքներին։ Սա պետք է ներկա և ապագա մարտահրավերները հաղթահարելու համար», – ասել է Գրիգորյանը։
Նշենք, որ Հայաստանում ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանն է։