Հայաստանին Սև ծովից ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով

08.04.2021, 14:16
Հայաստանում նման անոմալ տաք եղանակ է գրանցվել 46 տարի առաջ, բայց տաք օդի ալիքը կընդհատվի, ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով
Հայաստանին Սև ծովից ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Տաք օդի ալիքը Հայաստանում կընդհատվի ապրիլի 10-ից։

Ինչպես նշվում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի Facebook-յան էջում, Արաբական թերակղզուց ներթափանցած տաք օդի ալիքը հանրապետության տարածքում առաջացրել է անոմալ բարձր ջերմային ֆոն։ 

Ապրիլի առաջին տասնօրյակում նմանատիպ բարձր ջերմաստիճան Հայաստանում վերջին անգամ դիտվել է 1975 թվականին։ 

Ապրիլի 7-ին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Մեղրիում՝ +29, Արարատյան դաշտում մինչև +26, սակայն ըստ կանխատեսման՝ այսօր և վաղը Սյունիքի հովիտներում կգրանցվի +30․․․+32, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +27․․․+29 աստիճան, որը կլիմայական նորմայից բարձր է 8-ից 10 աստիճանով։ 

Տաք օդի ալիքը Հայաստանի տարածքում կընդհատվի ապրիլի 10-ից՝ իր տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին։ 

Ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը 20-25մ/վրկ։ 

Օդի ջերմաստիճանի նվազումը կսկսվի ապրիլի 10-ից և ապրիլի 10-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով, մոտենալով կլիմայական նորմային։–0–