Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում

23.08.2022, 12:25

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 14-22-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

«Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանն ու Վյաչեսլավ Պետրոսյանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել են բրոնզե մեդալների», - նշվում է հաղորդագրության մեջ:

Օլիմպիադայում իրենց ուժերն են չափել նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Արտավազդ Հարությունյանը և Մարի Հայրապետյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ԵՊՀ դասախոս Արուսյակ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2021 թ. Հայաստանի թիմն Աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե մեդալների և 2 գովասանագրերի։-0-