ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք. ԱՆ

03.03.2023, 21:24
ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք, hիվանդները հոսպիտալացված են
ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հիվանդները հոսպիտալացված են: Մասնագետները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության։

Նախարարություից հայտնում են, որ այժմ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Կարմրուկի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է։

Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:-0-