ՀԷՑ–ը պատասխանել է էլեկտրաէներգիայի լարման տատանումների մասին «Վեոլիա Ջուր»–ի բողոքներին

23.06.2021, 22:37
ՀԷՑ–ը պատասխանել է էլեկտրաէներգիայի լարման տատանումների մասին «Վեոլիա Ջուր»–ի բողոքներին
ՀԷՑ–ը պատասխանել է էլեկտրաէներգիայի լարման տատանումների մասին «Վեոլիա Ջուր»–ի բողոքներին

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ի պատասխան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից տարածված հերթական հաղորդագրության, որում նշված է, որ էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի մի շարք պոմպակայանների աշխատանքում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հարկ է համարում նշել հետևյալը.

ըստ Տեխնիկական կանոնակարգի միջազգային ստանդարտի (ГОСТ 32144-2013) էլեկտրաէներգիայի լարման դրական/բացասական շեղումները չպետք է գերազանցեն 10 %-ը: «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որպես «Շոր-շոր» աղբյուրի պոմպակայանում պոմպի աշխատանքի անջատման պատճառ, նշում է լարման նվազումը՝ 6000 վ-ի փոխարեն՝ 5484 վ, ավելացնում նաեւ, որ 4 պոմպի փոխարեն աշխատում է 1-ը: Առաջինը, տվյալ դեպքում առկա է նորմատիվային, թույլատրելի շեղում, և երկրորդը, եթե մեկ պոմպը աշխատում է, ապա կարող են աշխատել նաև մնացած 3-ը: Լարման շեղման արդյունքում պոմպերը կա'մ միանում են, կա'մ՝ ոչ, և պոմպերի քանակն այստեղ նշանակություն չունի: Նույնը կարելի է ասել հաղորդագրության մեջ նշված մյուս օրինակների մասին:

«Ինչ վերաբերում է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից էլեկտրամատակարարման լարման շեղումների մասին 15 օրվա կտրվածքով բողոքին, խնդրում ենք նկատի ունենալ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիա է մատակարարում Հայաստանում գործող բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների, ոռոգման, ջրամատակարարման այլ ընկերությունների, որոնցից այս օրերին լարման շեղման վերաբերյալ որևէ բողոք չի ստացել: Ավելին, մեր Ընկերության մի շարք աշխատակիցներ, երեկ զանգահարելով «Վեոլիա Ջուր» ընկերության բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոն, ճշտելու, թե որն է իրենց հասցեների ջրազրկման պատճառը, և պատասխան ստանալով, որ պատճառը լարման շեղումներն են, հնարավորություն են ունեցել չափելու լարումը և համոզվել են, որ շեղում չկա», – նշվում է ՀԷՑ–ի տարածած հայտարարության մեջ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել և մասնագիտական խորհրդատվություն տրամադրել «Վեոլիա Ջուր» ընկերությանը պոմպակայանների բնականոն աշխատանքի վերականգնման համար:–0–