ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Գործընթացներն ընթանում են, երբ կլինի վերջնական որոշում, անպայման տեղյակ կպահենք, այս պահին վերջնական որոշում չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` անդրադառնալով Գեղարքունիքի սահմանին ռուս սահմանապահների տեղակայմանը:
Նախօրեին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, թե որոշում է ընդունվել, որ սահմանին պետք է տեղակայվեն ռուս սահմանապահներ, իսկ հայկական և հակառակորդի զորքերը պետք է հետ քաշվեն։
«Վերջնական որոշումը միայն մեր կողմից ցանկությունը չէ, այստեղ մասնակցում են նաև այլ կողմեր, դրա համար բանակցություններն ընթանում են։ Լինելու է այդպես, ինչպես նշեցիք, բայց վերջնական երբ կլինի, և ժամկետի առումով, և տեխնիկական հարցերով լրացուցիչ կասենք», - ասաց Արտակ Դավթյանը։
Հարցին, թե ադրբեջանական կողմից համաձայնություն կա՞, ԳՇ պետը պատասխանեց.«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք»։
«Բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև կան հարցեր, մեր նպատակն է առանց բախումների մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հետ քաշումն է», - ասաց Դավթյանը։–0–