ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, մեր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ. Փաշինյան

25.02.2021, 12:24
Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ, իր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում է Հանրապետության Հրապարակ
ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, մեր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ արձագանքել է ԶՈւ ԳՇ–ի հայտարարությանը, որում նշվում է, որ Զինված ուժերը պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը։

«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ:
Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում:

Հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է: ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»։–0–