Եթե տեմպերն այսպես շարունակվեն, Հայաստանը կկանգնի COVID-19-ի բռնկման 4-րդ ալիքի վտանգի առաջ. ԱՆ փորձագետ

05.08.2021, 16:17
ԱՆ փորձագետը զգուշացնում է․եթե տեմպերն այսպես շարունակվեն, Հայաստանը կկանգնի COVID-19-ի բռնկման 4-րդ ալիքի վտանգի առաջ
Եթե տեմպերն այսպես շարունակվեն, Հայաստանը կկանգնի COVID-19-ի բռնկման 4-րդ ալիքի վտանգի առաջ. ԱՆ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Եթե կորոնավիրուսի վարակվածության տեմպերն այսպես շարունակվեն, եթե չձեռնարկվեն համապատասխան կանխարգելիչ միջոցներ, որի մեջ առանձնահատուկ տեղ ունեն նաև պատվաստումները, Հայաստանը կկանգնի 4-րդ ալիքի բռնկման վտանգի առաջ:

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը՝ հավելելով, որ բոլոր տարիքային խմբերում էլ հիվանդությունն աճում է:

Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, դիտվում են կորոնավիրուսով վարակման հիվանդության աճի և տարածման միտումներ:

Загружается новость ... "Лево"

«Այս պահին Հայաստանում առկա է 3 պատվաստանյութ՝ «Աստրազենեկա», «Կորոնավակ», «Սպուտնիկ Վ»: Օրական կտրվածքով մոտ 3000-4000 անձ է պատվաստվում: Այս պահի դրությամբ իրականացվել է ավելի քան 183 հազար դեղաչափ պատվաստում»,-ասաց փորձագետը:

Գրիգորյանն ընդգծեց, որ վերջերս իրականացրած հետազոտությունը փաստեց, որ ինչպես հարևան երկրներում, այնպես էլ Հայաստանում արդեն շրջանառվում է նոր՝ «Դելտա» շտամը, որն ավելի վարակիչ է, և այդ բարձր վարակելիությունը նպաստում է, որպեսզի հաջորդիվ ավելի շատ դեպքեր գրանցվեն:

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ շեշտեց, որ Հայաստանը տարածաշրջանում շարունակում է պատվաստումների ցածր ցուցանիշ գրանցել:

«Մեր հարևան երկրների հետ համեմատելիս՝ մենք այնքան էլ լավ ցուցանիշ չունենք: Մեր պարագայում ոչ այնքան լավ դեր խաղաց նաև պատվաստանյութերի ընտրությունը: Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե դու մարդուն մի բան ես առաջարկում, որի այընտրանքը չկա, ավելի մեծ է հավանականությունը, որ կպատվաստվեն: Բայց մեզ մոտ ընտրությունը պատվաստողին թողնելը բերեց նրան, որ մարդիկ ավելի շատ սկսեցին փոխել իրենց որոշումը՝պատվաստվեն, թե ոչ»,-ասաց Մելիք-Նուբարյանը՝ հավելելով, որ այն մարդիկ, ովքեր 2 դեղաչափով պատվաստանյութ են ստացել, հավանականություն կա, որ պաշտպանված են «Դելտա» շտամից։

Փորձագետներն անդրադարձան նաև գերմանական Pfizer և չինական Sinopharm պատվաստանյութերին, որոնք Հայաստանը պատրաստվում է ներկրել։

Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ այս պատվաստանյութերի ներկրումը կարող է որոշ չափով դրական անդրադառնալ պատվաստման ցուցանիշների ավելացման վրա:

«Սակայն, պետք է հաշվի առնել, որ այս պատվաստանյութերը շատ զգայուն են, ունեն պահպանման հստակ պայմաններ և պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկել, որ հավասարապես հասանելի լինի բոլորին», - ասաց նա:

Սվետլանա Գրիգորյանն էլ շեշտեց, որ մինչ այս չէր ներկրվում Pfizer պատվաստանյութը, քանի որ պահպանման համար պետք է ապահովել -70 ջերմաստիճան:

«Այդ պատճառով չէր ներկրվում, քանի որ ունեինք պահպանման խնդիրներ: Հիմա միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի պատշաճ ապահովենք պատվաստանյութի ներկրումը, և այն հասանելի լինի բոլոր բժշկական կազմակերպություններում»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ օգոտսոսի 2-ին ՀՀ ԱՆ-ից հայտնեցին, որ իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն, որի արդյունքում ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը:

Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Ունենք 179 առողջացած, 7 մահվան դեպք: Մինչ այս պահը հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 322 դեպք, որոնցից 220 617-ն` առողջացած, 4632-ը` մահվան ելքով: -0-