Հայաստանը նախատեսում է ձեռք բերել չինական Sinopharm–ի և գերմանական Pfizer–ի պատվաստանյութերը

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօրվա կառավարության նիստում խոսեց կորոնավիրուսի վարակի կանխարգելման համար պատվաստանյութերի անխափան ներկրման անհրաժեշտության մասին:
«Այս որոշման շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 500 հազար դեղաչափ պատվաստանյութ՝ չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված: Այս նպատակով ուղղվող միջոցները կազմելու են 3,459 մլրդ դրամ»,-ասաց Ավանեսյանը:
Ըստ նրա, ակտիվությունը պատվաստումների նկատմամբ անընդհատ աճում է, և արդեն 163 հազար պատվաստում են իրականացրել:
«Իհարկե, այսօր կառավարության որոշամամբ ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը ևս կխթանի, որ մեր քաղաքացիներն ավելի ակտիվ պատվաստվենմ ինչը կարևորագույն երաշխիք է աշնանը, նոր ուսումնական տարվա սկզբին ունենալ ավելի շատ պատվաստված անձինք», – նշեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը:
Նրա հավաստմամբ, բոլոր երկրները որոշակի գործիքակազմ կիրառում են՝ և´ սահմանափակումների, և´ խրախուսման, և´ փորձում են հնարավորինս ապահովել բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշներ:
«Եվ, եթե նախկին շտամերի պարագայում, բնակչության թիրախային ցուցանիշ վերցվում էր 65%-ը պատվաստման համար, ներկայումս դելտա շտամի պարագայում, քանի որ տարածելիությունը բավական բարձր է, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին պատվաստման ցուցանիշը բարձրացնել 75%-ից ավել»,– ասաց նա:
Ավանեսյանը նշեց նաև, որ հարևան Վրաստանում համաճարակային իրավիճակը լարված է. «Մենք Հայաստանում պահպանում ենք կայուն հարաբերական վիճակ, բայց ամեն շաբաթ մի փոքր աճ նկատում ենք: Ուստի մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս միտումը պահպանվի և թվերի աճ չունենանք»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր հերթին ևս մտահոգիչ համարեց, որ թվերը թեև դանդաղ, բայց աճում են:
Նա կարևորեց Վրաստանի հետ բավականին ակտիվ համագործակցություն ունենալու ավանդույթը` պատվաստանյութերի փոխանակման առումով:
Վարչապետի պաշտոնակատարը նաև գոհունակություն հայտնեց Վրաստանի կառավարությանը, որ որոշում են կայացրել 50 հազար դոզա պատվաստանյութ փոխանցել Հայաստանին: Ըստ վարչապետի պաշտոնակատարի սա նվիրատվություն է, և Հայաստանն էլ պետք է նվիրատվություն անի:
«Այս համագործակցությունը կարևոր է, որովհետև մեր երկրների քաղաքացիների միջև ակտիվ հաղորդակցություն կա, և պետք է միասնաբար պայքարենք համավարակի դեմ»,-ասաց նա:
Ավանեսյանն էլ հավելեց, որ երեկ Լիտվայի կառավարությունը ևս որոշել է Հայաստանին 27 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրել:
«Բոլոր երկրները փորձում եմ մեկը մյուսին օգնելու միջոցով, հավասարության սկզբունք ապահովել, քանի որ համավարակը սահմաններ չի ճանաչում, և բոլորս միասնական ուժերով պետք է փորձենք այս համավարակը հաղթահարել»,-եզրափակեց Անահիտ Ավանեսյանը:
Նշենք, որ Հայաստանում հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 603 դեպք, որոնցից 219 502-ն` առողջացած, 4604-ը` մահվան ելքով։–0–