«Եթե գործընթացն արագ արդյունքներ չունենա, շատ մեծ է հավանականությունը, որ այն կլճանա». Փաշինյանը` հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

13.04.2022, 14:47
Փաշինյանն այսօր ԱԺ–ում անդրադարձել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը
«Եթե գործընթացն արագ արդյունքներ չունենա, շատ մեծ է հավանականությունը, որ այն կլճանա». Փաշինյանը` հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «լճացման» հավանականության մասին, եթե արագ արդյունքներ չգրանցվեն։

Այսօր ելույթ ունենալով ԱԺ–ում` Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, հայկական կողմը շարունակում է հենց այդ տրամաբանությամբ:

«Մենք նաև միջազգային մեր գործընկերների հետ քննարկումներում ասում ենք, որ տպավորություն ունենք, որ գործընթացը կարող է և արագ արդյունքներ չունենալ: Բայց, եթե գործընթացն արագ արդյունքներ չունենա, շատ մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացը կլճանա: Եվ մենք մեր կողմից պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, և մենք կարողանանք փոքր քայլերով առաջ շարժվել»,-ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ հայկական կողմը հասկանում է բոլոր ռիսկերը, խութերը, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ այդ տրամաբանությամբ պետք է խոսակցությունը շարունակվի, խոսակցությունը դառնա երկխոսություն:–0–