Ե՞րբ Հայաստանի շուկայում կլինի կորոնավիրուսի պատվաստանյութը. ԱՆ ներկայացուցիչը պարզաբանել է

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով Հայաստանն այս պահին փնտրտուքի մեջ է և բանակցություններ է վարում տարբեր երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ։
Այս մասին նշել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն։
Սահակյանն ընդգծել է, որ պատվաստանյութի հարցում Հայաստանը վերջնական ընտրություն կկատարի, երբ այժմ փորձաշրջան անցնող պատվաստանյութերը գրանցվեն։
Ընդ որում, որ երկիրը կամ ընկերությունը ավելի մատչելի գին կառաջարկի, այդ տարբերակն էլ ձեռք կբերեն։ Եթե օրինակ` ամերիկյան «Մոդեռնա» ընկերությունը ավելի ցածր գին առաջարկի պատվաստանյութի համար, ապա Հայաստանը ձեռք կբերի ոչ թե ռուսականը, այլ հենց ամերիկյանը։
«Մենք փորձում ենք բոլոր ուղղություններով բանակցել, որպեսզի ապահովագրվենք, որպեսզի մեր գոնե աննշան քանակությամբ երկրում հենց ի սկզբանե ունենանք գոնե ռիսկի, կարևոր ռիսկի խմբերին կարողանանք ապահովել», – նշել է Սահակյանը:
ԱՆ ներկայացուցիչներն, խոսելով պատվաստանյութի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ բանակցելու մասին, նշել է, որ Հայաստանը ևս հետաքրքրված է։
«Մենք ևս նրանց հետ բանակցում ենք: Պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ թեպետ ժամանակավոր թույլտվություն, գրանցում ունի ռուսական պատվաստանյութը, բայց սեպտեմբերի 1-ից նրանք զանգվածային երրորդ փուլը կլինիկական փորձարկումների սկսելու են, այսինքն` սահմանափակ կիրառում», – նշել է Սահակյանն` ավելացնելով, որ այժմ աշխարհում փորձարկվող պատվաստանյութերը տարբերվում են միմյանցից:
Դրանք, ըստ Գայանե Սահակյանի, 4 տեսակի են: Օրինակ, ամերիկյան «Մոդեռնան» համարվում է գենետիկ պատվաստանյութ, այսինքն` պատվաստանյութի պատրաստման ժամանակ օգտագործվում է կորոնավիրուսի գենոմը, և դրանով են փորձում խթանել հակամարմինների ստեղծումը։
Ռուսաստանն իր պատվաստանյութի ստեղծման ժամանակ կորոնավիրուսի գենը տեղադրում է մեկ այլ վիրուսի՝ ադենովիրուսի վրա, որպեսզի այն ավելի հեշտ թափանցի մարդու բջիջների մեջ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը ընդգծում է, որ շուկայում այս պահին չկա վերջնական գրանցված պատվաստանյութ, բոլորը փորձարկման մեջ են` և' ամերիկյան «Մոդեռնան», և' ռուսական «Sputnik V»-ն, և' անգլիական «ԱստրաԶենեկան», և' չինական պատվաստանյութերը: Բոլորը փորձարկման 3-րդ փուլում են։
Ի դեպ, այս պահին 3-րդ փուլում գտնվող 8 ընկերությունների պատվաստանյութեր կան։ Մասնագետի պարզաբանմամբ, 3-րդ փուլը ենթադրում է պատվաստանյութի փորձարկում հազարավոր առողջ մարդկանց վրա։
Ընթացող աշխատանքները թույլ են տալիս ակնկալել, որ պատվաստանյութը Հայաստան կհասնի արդեն հաջորդ տարվա գարնանը:
«Իսկ դա նշանակում է, որ 2021 թվականի գարնանը արդեն շուկայում կլինի պատվաստանյութը», – նշել է Սահակյանը` պարզաբանելով, որ այն կլինի նաև հայաստանյան շուկայում։
«Պատվաստումները բեկումնային նշանակություն կունենան և միանգամից համաճարակային գործընթացի ընդհատում կունենանք», – ասել է ԱՆ ներկայացուցիչը:
Հաշվի առնելով, որ սեպտմբերի 15 -ին կրթական հաստատությունները բացվելու են, իսկ արտակարգ դրության ավարտից հետո մի շարք սահմանափակումներ հանվելու են` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը աշնանը կորոնավիրուսի տարածման ակտիվություն է կանխատեսում։
Առողջապահական համակարգի համար մտահոգիչ է հատկապես աշնանը սպասվող սուր շնչառական այլ վարակների տարածումը, որոնք կարող են միավորվել արդեն կորոնավիրուսի հետ և հավելյալ ծանրաբեռնավծություն առաջացնել համակարգի համար։ Հետևաբար Հայաստանի առողջապահության նախարարությունն այս պահին քայլեր է ձեռնարկում գրիպի դեմ պատվաստանյութ ներկրելու համար։
«Միայն Հայաստանը չի այսպես մտածում: Ամբողջ աշխարհն է այսպես մտածում: Այդ պատճառով հենց սեզոնային գրիպի պատվաստման նկատմամբ պահանջն էլ է աշխարհում մեծացել», – ընդգծել է Սահակյանը:
Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43451 դեպք, որոնցից 37264-ն` առողջացած, 869-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 202253 թեստավորում:–0–