ԵԶԲ–ն 3մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի.կվերակառուցվեն մարզային բուժկենտրոններ, կկառուցվի ինֆեկցիոն նոր մասնաշենք

06.08.2021, 13:25
Եվրասիական զարգացման բանկը 3մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի.կվերակառուցվեն մարզային բուժկենտրոններ, կկառուցվի ինֆեկցիոն նոր մասնաշենք
ԵԶԲ–ն 3մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի.կվերակառուցվեն մարզային բուժկենտրոններ, կկառուցվի ինֆեկցիոն նոր մասնաշենք
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 3մլն դոլարի դրամաշնորհ կորոնավիրուսի համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացման, կայունացման և զարգացման համար:

Այս մասին այսօր կայացած կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Կառավարությունը նիստում հավանություն տվեց «ՀՀ-ում կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախատաեսվում է տրամադրել 3 մլն. դոլար դրամաշնորհ, որն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանն ու արդիականացմանը, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դեռ շարունակվում է կորոնավիրուսի համավարակի ալիքաձև աճը:

«Հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու և հիվանդներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել համակարգը: Եվ մենք, կորոնավիրուսային համավարակը դիտարկել ենք նաև որպես առիթ մեր համակարգում լրացուցիչ ներդրումներ անելու և պատրաստվածության աստիճանը բարձրացնելու, ինչպես նաև պատրաստ լինելու այլ մարտահրավերների դիմակայելու համար»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել և վերազինել 2 մարզային կենտրոնները` Արմավիրում և Արարատում, ինչպես նաև կառուցել ինֆեկցիոն նոր մասնաշենք Վանաձորի բժշկական կենտրոնին կից:

«Սրա շրջանակներում կունենանք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնների ազգային ցանց, որովհետև 5 մյուս մասնաճյուղերը (Շիրակ, Լոռի, Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ) արդեն իսկ վերակառուցվել և հագեցվել են լաբորատոր սարքավորումներով»,-եզրափակեց նախարարը:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, Արարատի մարզային մասնաճյուղն ընտրվել է, քանի որ մարզը սահմանամերձ է, և այս տարածաշրջանում լաբորատոր կարողությունների զարգացումը խիստ անհրաժեշտություն է:

Իսկ Արմավիրի մարզային մասնաճյուղն ընտրելու համար հիմք է հանդիսացել այն հեռանկարը, որ մարզը Հայաստանում ամենախիտ բնակեցվածներից մեկն է, և այստեղ ևս կարևոր է նոր լաբորատոր կարողությունների ապահովումը:-0-