ԵԿԳ-ն ներկայացրել է Սասունցի Դավթին, Գիլգամեշին և Արթուր թագավորին արհեստական բանականության աչքերով (ՖՈՏՈ)

30.06.2023, 18:47
«Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրությունը ARARAT թանգարանի հերթական մշակութային նախաձեռնությունն է, որը միավորում է համաշխարհային էպիկական ժառանգությունն ու արհեստական բանականությունը. ՖՈՏՈ
ԵԿԳ-ն ներկայացրել է Սասունցի Դավթին, Գիլգամեշին և Արթուր թագավորին արհեստական բանականության աչքերով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրությունը ARARAT թանգարանի հերթական մշակութային նախաձեռնությունն է, որը միավորում է համաշխարհային էպիկական ժառանգությունն ու արհեստական բանականությունը։

 Համաշխարհային էպոսների վերընթերցում արհեստական բանականության կողմից

 - рис.1

Նախագծի հեղինակները վերընթերցել են հայկական «Սասնա Ծռեր» էպոսը և համաշխարհային այլ էպոսներ և առանձնացել այն դրվագները, որոնք ներդաշնակորեն հանգավորվում են ARARAT-ի արժեքների հետ։ Ընտրված դրվագներն ու հարակից նյութերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո դրանք պատկերավորվել են արհեստական բանականության օգնությամբ։

«Գիլգամեշ» ու «Ոդիսական», «Սասնա Ծռեր» ու «Նիբելունգների երգ», «Բիլինաներ» ու «Արթուր թագավոր»․ այս աշխարհահռչակ ստեղծագործությունները` էպոսներ կամ դյուցազներգություններ են, որոնք պատմում են աստվածների ու հերոսների մասին։ Սակայն հերոսական սխրանքները, հրաշապատում դեպքերն ու տպավորիչ կերպարները բանահյուսության ու գրականության այս հինավուրց տեսակի լոկ առաջին շերտերն են, իսկ խորքում՝ արժեքների պատմությունն է։

Համաշխարհային մշակույթի գանձարանում իրենց մնայուն տեղը զբաղեցրած այս կոթողային գործերն իրենց բազմազանությամբ ու տարբերություններով հանդերձ, ունեն մեկ կարևոր ընդհանրություն․ յուրաքանչյուր էպոս բերում է արժեքների որոշակի համակարգ, բարոյական համընդհանուր կոդ։ Այս առանձնահատկությունն էլ հնարավորություն է տալիս էպոսը ստեղծող ժողովրդին ճանաչելու ինքն իրեն, ապա նաև բացում տարբեր ժողովուրդների միմյանց արժեքների ճանաչողության ճանապարհները։

Վարպետություն, առատաձեռնություն, հավատարմություն և սեր

Մարդկության մշակութային այս մեծ ժառանգությունն այսօր վերընթերցվում է արհեստական բանականության կողմից։ Եվ հավերժական արժեքների ու նոր տեխնոլոգիաների այս բացառիկ համադրությունը ARARAT թանգարանը սիրով ներկայացնում է իր այցելուներին։ Ներկայացնում է որպես հարգանքի տուրք նրանց ճանապարհորդությանը դեպի ARARAT․․․

 - рис.2

«Էպոսը, որպես ստեղծագործական ժառանգության միավոր, նախ և առաջ արժեքների որոնման պատմություն է։ Բացի այդ, մեզ հայտնի գրեթե բոլոր էպոսներում իմաստային հատուկ խտացում է ստանում հերոսի ճամփորդությունը։ Այդ իմաստով «Արժեքների վկայագիր» ցուցադրությունը շատ ընդգրկուն հանգավորում է ստանում ARARAT թանգարանի գաղափարների հետ։ Մասնավորապես՝ ARARAT թանգարանի շրջայցերի դասական ծրագիրը հայկական լեգենդար կոնյակի արժեքների բացահայտման պատմություն է։ Վարպետություն, համբերություն, առատաձեռնություն, հավատարմություն, սեր – ARARAT-ի ԴՆԹ-ն կազմող այս արժեքներին է հաղորդակցվում թանգարանի յուրաքանչյուր այցելու, ում անմոռանալի ճամփորդությունը սկսվում է թանգարանի շեմը հատելուն պես», - նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

 - рис.3

«Հայկական հիանալի «Սասնա Ծռերը» և համաշխարհային մյուս էպոսները յուրահատուկ մշակութային կոդեր են, որոնք իրենց տարբերություններով հանդերձ, ներկայացնում են համընդհանուր ու բոլոր ժամանակներում արդիական արժեքներ․ արիություն ու նվիրում, հավատարմություն ազգային արժեքներին ու համընդհանուր բարոյական նորմերին, վեհանձնություն նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում և հավատ սեփական ուժերի ու արդար գործի հաղթանակի նկատմամբ»,- ընդգծում է նախագծի գրական խորհրդատու, բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Համբարձումյանը։

Ճամփորդություն ժամանակի և տարածության միջով

 - рис.4

Ցուցահանդեսը սկսվում է համայն հայությանը համար նշանակալի «Սասնա ծռեր» հայկական էպոսի ամենասիրելի կերպարների վիզուալիզացմամբ։ Սանասարն ու Բաղդասարը, ինչպես նաև Սասունցի Դավիթը ներկայացված են պատմության շրջադարձային պահերում։ Նրանք խորհրդանշում են հայ ժողովրդի ստեղծագործ միտքը, ստեղծարարությունը, խաղաղասիրությունը, իմաստությունն ու բացառիկությունը։

Ինչպես նշեց Համբարձումյանը, հայ ժողովուրդը չի փնտրում հեշտ ճանապարհներ: Նա էպոսը, նրա հերոսներին ստեղծել է իր կերպարով և նմանությամբ, ու հիմա հաջորդ սերունդներն են սովորում այդ էպոսով:

«Մենք պահպանել ենք ազգային ինքնությունը, ավանդույթները, խիզախ ենք և արի, կարողանում ենք լսել ուրիշներին, նույնիսկ թշնամիներին, չենք հարձակվում քնած թշնամիների վրա», - ասաց Համբարձումյանը:

«Նիբելունգների երգը», Իլյա Մուրոմեցի մասին էպոսը, «Արթուր թագավորը», «Գիլգամեշը», «Ոդիսականը» կենդանացան ARARAT թանգարանում: Արհեստանական բանականության ստեղծած պատկերները պատմում են սիրո, հավատարմության, անմահության և հավերժ երիտասարդության որոնումների մասին, իսկ բնօրինակ լեզուներով վահանակները (գերմաներեն, ռուսերեն և այլն) ինքնատիպ նվիրում են տարբեր երկրներից թանգարան այցելող հյուրերին, որոնք արժանացան ամենաջերմ արձագանքների ամբողջ աշխարհում:

 - рис.5

ARARAT թանգարանի տնօրեն Առնո Թադևոսյանը կարևորեց այն փաստը, որ թանգարանում բացի համտեսի համար նախատեսված սրահներից, լինի տարածք, որը կներկայացնի մշակույթի նոր ուղղություններ, որտեղ մարդիկ և այլ թանգարաններ կկարողանան ներկայացնել իրենց արվեստը:

«Մենք շատ լավ համագործակցում ենք Հայաստանի մի շարք թանգարանների հետ, հանդես ենք գալիս նախաձեռնություններով: Հույս ունենք, որ այդ համագործակցությունը կդառնա լավ օրինակ մյուս թանգարանների համար: Հայաստան այցելողները ծանոթանում են երկրի պատմությանն ու մշակույթին, որոնց փոխգործակցությունը կարող է շատ հաջող լինել», - ասաց Թադևոսյանն՝ ավելացնելով, որ թանգարանն ունի մեծ պահանջարկ և ճանաչում: