Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, նրա տեղակալները և թաղապետարանի այլ աշխատակիցներ, հայտնում է aysor.am-ը՝ հղում անելով MediaHub–ին։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվում: ՔԿ-ից էլ հայտնել են, որ կան ձերբակալվածներ:
Ինչպես հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Facebook-յան իր էջում, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում», – նշել է Աբրահամյանը։
Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ` ձերբակալությունները կապված են կոռուպցիոն բնույթի գործի հետ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: