Դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար.ԱԳՆ

17.11.2021, 12:01
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանին և ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին դիմելու հարցերը Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի կապակցությամբ
Դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար.ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Ռուսաստանին և ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին դիմելու հարցերը Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի կապակցությամբ։

Ինչպես նշել է Հունանյանը, Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ:

«Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը: Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին», – նշել է Հունանյանը:

Նա նաև անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցը։

«ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը», – նշել է Հունանյանը:

Սահմանին տիրող իրավիճակի մասին

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ ՊՆ–ի հաղորդմամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ է անցել 2 մարտական հենակետ։ Հայկական կողմն ունի 1 զոհ, 12 զինծառայող գերեվարվել է, 24–ի զինծառայողի հետ կապը կորել է։ Հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ։–0–