Դեմկուսը կբողոքարկի ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ Այս մասին նշվում է ուրբաթ կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Հունիսի 10–ին ԿԸՀ-ն որոշում էր կայացրել չեղարկել Տիգրան Արզաքանցյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու: Նշենք, որ Արզաքանցյանը գլխավորում է Դեմկուսի նախընտրական ցուցակը։ Հիմնավորում էին դարձել փաստաթղթերն այն մասին, որ Արզաքանցյանը բացակայել է երկրից 1005 օր 1461 օրից մինչ հայտարարություն տալու օրը։
«Կարծում ենք, այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը», – ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
Նշվում է, որ կուսակցական բոլոր փաստաթղթերն ընդունվել և գրանցվել են, օրենքը հետադարձ ուժ չունի: Որոշումը շուտով կբողոքարկվի դատարանում:
«Դեմոկրատական կուսակցության առաջնորդի հեռացումը կասկածի տակ է դնում հունիսի 20-ի ընտրությունների օրինականությունն ընդհանրապես։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նմանատիպ որոշումներ մեկ անգամ չէ, որ կայացնելու է և սա թույլ է տալիս կասկածել նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ հետագա արդարությանը: Միասին պաշտպանենք պետությունը ցանկացած անօրինական քայլերից», – նշվում է կուսակցության հայտարարության մեջ։–0–