Ծնունդդ շնորհավոր, լեգենդ. այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 63 տարեկան

25.11.2020, 13:02
Ծնունդդ շնորհավոր, լեգենդ. այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 63 տարեկան
Ծնունդդ շնորհավոր, լեգենդ. այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 63 տարեկան
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքերը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։

Մոնթեն եկավ Հայաստան այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: 1991 թվականին Մոնթեն եկավ Երևան, յոթ ամիս աշխատեց ԳԱԱ` «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու համար։

Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: Մի քանի ծանր մարտերից հետո` 1992 թվականի հունվարին Մոնթեին հանձնարարում են Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, ինչի արդյունքում Մարտունին ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը դարձավ: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին Մոնթեի ղեկավարությամբ ազատագրվեցին Քարվաճառը, Օմարի լեռնանցքը:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ. նոյեմբերի 25-ին Վարսելիա քաղաքում՝ Ֆրեզնոյի մոտակայքում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)։ 1969 թ. Մոնթեի ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա։ Վերադառնալով ԱՄՆ՝ Մոնթեն ընդունվել է Բերքլիի համալսարան՝ «հնագիտություն» և «Ասիայի պատմություն» մասնագիտություններով։ 1975 թ.-ին նրան ուղարկել են դասավանդելու Իրանի և Լիբանանի հայկական դպրոցներում։ Նա տիրապետում էր յոթ լեզուների, ուներ պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

Մոնթեն մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին՝ աջ-քրիստոնեական կազմավորումների կողմից (70-ականների վերջ – 80-ականների սկիզբ), ինչպես նաև իսրայելական զորքի դեմ տարվող ռազմական գործողություններին (1982 թ.)։ 1980 թ. գարնանը ընդգրկվել է Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակի (ASALA) կազմում։ 1991 թ.-ից մասնակցել է ղարաբաղյան ազատագրական պատերազմին և զոհվել 1993 թ. հունիսի 12-ին։

Մոնթեն առավել տաղանդավոր և փորձառու հրամանատարներից մեկն էր։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած առանձնահատուկ վաստակի, ցուցաբերած քաջության և խիզախության համար նա հետմահու արժանացել է ԼՂՀ ամենաբարձր՝ «Արցախի հերոս» կոչմանը՝ դառնալով «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ։

Ցավոք, ճակատագրի բերումով հենց այսօր Հայաստանը, ստորագրված եռակողմ հայտարաության համաձայն, Ադրբեջանին պետք է հանձնի Քարվաճառը, իսկ հետագայում Արցախի մի զգալի հատված։ Ավոյի պայքարող ոգին դեռ հայի սրտում է, մենք խոստանում ենք նրան ու ապագա սերունդներին, որ անպայման հետ կվերադարձնենք մեր պատմական հայրենիքի շրջանները։–0–