ՀՀ նախագահը չի ստորագրել Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը

11.03.2021, 13:35
ՀՀ նախագահը չի ստորագրել Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
ՀՀ նախագահը չի ստորագրել Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Մարտի 10–ին առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին դիմել է ՍԴ, նա ուզում է վիճարկել օրենքի այն կետը, որով Փաշինյանը պաշտոնից ազատել է ԳՇ պետին։

 Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով` նշելով, որ իրեն պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական է, «ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան»։ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։

Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար:–0–