Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ–ի ցուցակն արտահերթ խորհրդարանական ընտրություններում. Զոհրաբյանը` մասնակցության կարգի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ցանկացած ընտրական համակարգով, որը կորոշի խորհրդարանական մեծամասնությունը, իր առանձին ցուցակով` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ասաց ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցություններից հետո հայտարարեց, որ հունիսի 20–ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Ինչ վերաբերում է ընտրական համակարգի ընտրությանը, ապա այստեղ իշխանությունները սահմանել են խաղի կանոններ։ Իշխանությունն ունի մեծամասնություն խորհրդարանում, և բնականաբար կարող է իր ձայների մեծամասնությամբ որոշել ընտրական համակարգը։ Մեզ համար ավելի կարևոր է, որպեսզի այդ ընտրությունները լինեն ազատ և թափանցիկ, չկիրառվի վարչական ռեսուրս», – նշեց նա։
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ–ն կմասնակցի ընտրությունններին իր առանձին ցուցակով, որը կգլխավորի Ծառուկյանը։
Նրա խոսքով, «Բարգավաճ Հայաստանն» ունի այնքան վստահության քվե, որ երկու ընտրակարգի դեպքում էլ կարող է ստանալ համակիրների քվեն։
«Ասել՝ գնում ենք արտահերթ ընտրությունների, հետո ասել, թե արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, ես չեմ կարող միանշանակ պնդել, որ վաղը կամ մյուս օրն ինչ-ինչ պատճառաբանություններով կարող է բան փոխվել։ Բայց այս պահին մենք ելնում ենք քաղաքական «ջենթլմենական» պայմանավորվածություններից, որ երկրում ստեղծված ճգնաժամի լեգիտիմ սահմանադրական հանգուցալուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են», – նշեց Զոհրաբյանը։–0–