Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը չկայացավ

23.09.2020, 13:15
Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը չկայացավ
Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը չկայացավ
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանուն, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, հետաձգվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։

Նիստը չի կայացել պաշտպանների բացակայության պատճառով. նրանք պատշաճ ծանուցված չեն եղել։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Ծառուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է ապօրինի։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունիսի 21–ին հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Ըստ որոշման ԲՀԿ առաջնորդը չկալանավորվեց։ Դատավորը, սակայն, արձանագրել էր, որ առկա է հիմնավոր կասկած, որ Ծառուկյանն առնչվում է իրեն մեղսագրվող արարքներին:

Դատարանի որոշումը բողոքարկել էին երկու կողմերն էլ: Մասնավորապես դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել կալանավորման հիմքերի բացակայության դեմ՝ խնդրելով բեկանել դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ պաշտպանական կողմը՝ հիմնավոր կասկածի առկայության և մի շարք այլ հանգամանքների դեմ: Հուլիսի 8-ին վերաքննիչ դատարանը մերժել էր պաշտպանական կողմի բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի էր բավարարել. առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել էր, սակայն Ծառուկյանը չէր կալանավորվել, և գործը հետ էր ուղարկվել՝ նոր կազմով նոր քննության:–0–