Այսօր Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ են փակվելու

15.05.2024, 11:14
Ուշադրություն․ այսօր Երևանի կենտրոնի մի շարք փողոցներում սահմանափակվելու է երթևեկն ու քաղաքացիների տեդաշարժը
Այսօր Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ են փակվելու
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։

«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ էր արել անհնազանդության ակցիաների մասնակիցներին մայիսի 15–ին ժամը 16։00–ին հավաքվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ, որպեսզի իշխանության գործողությունների դեմ բողոքը հայտնեն միջազգային հանրության ներկայացուցիչների ներկայությամբ։