«Ամո՛թ քեզ». Ալեն Սիմոնյանը Հայկ Մարությանին անվանել է պորտաբույծ և ապիկար

22.12.2021, 17:00
«Ամո՛թ քեզ». Ալեն Սիմոնյանը Հայկ Մարությանին անվանել է պորտաբույծ և ապիկար
«Ամո՛թ քեզ». Ալեն Սիմոնյանը Հայկ Մարությանին անվանել է պորտաբույծ և ապիկար
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «Հայաստանի հեղափոխական իշխանությունների» և անձամբ Սիմոնյանի հասցեին հնչեցրած քննադատություններին, գրառում է կատարել Facebook-յան էջում՝ ողողված անձնական բնույթի վիրավորական արտահայտություներով։

Ավելի վաղ Հայկ Մարությանը քաղաքապետարանի ավագանու հերթական նիստի ժամանակ ընթերցել էր համաքաղաքացիներին ուղղված ուղերձը, որտեղ իշխանություններին մեղադրել էր հեղափոխության քողի տակ հարստանալու մեջ։

«Նախկին քաղաքապետի վերջին ելույթը լսելը զզվելի է ու ցավալի, եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով պատրաստ է ցանկացած ստերի ու շահարկումների՝ արդարացնելու իր դավաճանությունն ու երախտամոռությունը»,- գրել է Սիմոնյանը։

Նա իր գրառման մեջ նշել է, որ Մարությանի մասին շատ բան կարող է ասել, բայց չի անի, քանի որ Մարությանին պաշտպանողների ու նրա գործողությունների վրա «աչք փակողների» պատճառով՝ «նման մակաբույծներ, ինչպիսին նա է դեռ շատ կան»։

«Փոխարենը գնա և վերհիշիր քո էն 2 տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր: Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել: Դու Երևան ու ՔՊ «խոպան» էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը», - գրել է Սիմոնյանը:

Նշենք, որ քիչ առաջ Երևանի Ավագանին 44 «կողմ» և «10» դեմ ձայներով պաշտոնանկ արեց Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնից՝ նշանակելով նոր քաղաքապետ։

Մարությանին անվստահության քվե հայտնելու գործընթացը մեկ շաբաթ առաջ սկսել էր ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

Նշենք, որ Մարությանն առաջիններից մեկն էր, ով 2018թ.-ին աջակցում էր հեղափոխությանը: Նա հեղափոխությունից հետո առաջինն էր, ով շրջանառության մեջ դրեց հասարակությանը «սպիտակների» և «սևերի» բաժանելու երևույթը: Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի բարեգործական միջոցառման ժամանակ, որի ընթացքում 2018թ.-ի սեպտեմբերի 2-ին միջոցներ էին հավաքվում նախընտրական արշավի համար Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների շրջանակում Մարությանը հայտարարեց, որ նրանք լուսավոր ուժ են, իսկ ովքեր  չեն ցանկանում իրենց հաղթանակը, սևեր են:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, ծագումով Չեխիայից է: Բաց աղբյուրների տեղեկություններով, ընտանիքը մի քանի բնակարան ունի Պրահայում:-0-