Ամանորի և Սուրբծննդյան տոնական արարողությունների ժամանակացույցը

28.12.2024, 22:04
Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են լինելու
Ամանորի և Սուրբծննդյան տոնական արարողությունների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են լինելու, հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից։

Սիրով սպասում ենք ձեզ՝ Ամանորը Հայ Եկեղեցում աղոթքով ու մաղթանքով դիմավորելու:

Ամանորի գիշերը` ուղիղ կեսգիշերին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիները աղոթք կառաքեն առ Աստված մեր Հանրապետության բարօրության համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ արարողության ավարտին կկատարվի նռան օրհնության կարգ:

Տոնական ժամանակացույց

Դեկտեմբերի 31-ին` 24.00-ին, կկատարվի Հանրապետական մաղթանք և Նռան օրհնության կարգ:

Հունվարի 1-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք:

Հունվարի 5-ին` ժամը 17:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան Ճրագալույցի ժամերգություն և Ս.Պատարագ:

Հունվարի 6-ին` ժամը 11:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ:

Հունվարի 7-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ` ի հիշատակ ի Տեր հանգած հավատավորների ու նահատակների: