Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ ու ուղղություններ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանագծում իրավիճակին և նշեց, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների գործադրումը, միևնույն ժամանակ, անպատասխան թողնելով իրադրության քաղաքական ու երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները:
«Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման։ Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ ու ուղղություններ. բազմիցս ասել եմ՝ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ու տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։
Նա ավելացրեց, որ այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, և, որպես օրինակ, նշեց ԱՊՀ տարածքում գործող սահմանային անցման կետերը:–0–