Ադրբեջանական գերության մեջ հայ զինծառայող է սպանվել. ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ

19.09.2022, 14:51
Ադրբեջանական գերության մեջ հայ զինծառայող է սպանվել
Ադրբեջանական գերության մեջ հայ զինծառայող է սպանվել. ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՄԻԵԴ–ում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ ՀասմիկՍամվելյանը հայտնել է, որ ադրբեջանական գերության մեջ հայ զինծառայող է սպանվել։

«Դավիթ Գիշյանը, փաստացի, սպանվել է գերության մեջ։ Այսօր մենք տեղեկացրել ենք Եվրոպական դատարան, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2–րդ հոդվածը։ Մենք դիմել ենք նաև 3–րդ հոդվածով, այն պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Ստացվում է, որ Ադրբեջանը խախտել է նշված հոդվածները», – հայտարարել է Սամվելյանը Հանրային հեռուստաընկերությանը։

Նրա խոսքով, հայկական կողմը պահանջում է Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոցը։
«Այսինքն, եթե Եվրոպական դատարանն Ադրբեջանին ժամանակ էր տրամադրել մինչև սեպտեմբերի 22–ն ինֆորմացիա տրամադրել գերիների գտնվելու մասին, բժշկական տեղեկանքներ տրամադրել, եթե այդպիսիք կան և մնացած կետերը արդեն լրացվեին, հիմա պահանջում ենք, որպեսզի արագ կիրառվի հրատապ միջոցը։
 Տեղեկությունն ուղարկվելու է նաև ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան`նամակի տեսքով», – նշել է Սամվելյանն` ավելացնելով, որ ընթացքի մասին կտեղեկացվի։

Ավելի վաղ Սամվելյանը հայտնել էր, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով գերեվարվել է ավելի քան 10 հայ զինծառայող։

ՄԻԵԴ–ը, գերիների մասին տեսանյութերի հիման վրա, հայց էր ուղարկել Ադրբեջան սեպտեմբերի 13–ի դրությամբ նույնականացված մեկ ռազմագերու և չնույնականացված մյուս ռազմագերիների մասով, որոնք երևում են տեսանյութում։ Ժամկետը սահմանվել է մինչև սեպտեմբերի 22–ը։–0–