ԱՄՆ-ի ցանկացած օգնություն կարևոր է Հայաստանի պետականության համար. Ալեն Սիմոնյան

18.09.2022, 12:50
Սիմոնյանը հայտարարեց, որ երախտապարտ են Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն
ԱՄՆ-ի ցանկացած օգնություն կարևոր է Հայաստանի պետականության համար. Ալեն Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի ցանկացած օգնությունը գոյաբանական կարորություն ունի Հայաստանի պետականության համար, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Երևանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ներկայացնում ենք Սիմոնյանի հայտարարությունը ստորև.

«Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները և երկկողմ փոխգործակցության լայն շրջանակը:

Մեզ համար չափազանց կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին և մեզ համար զգայուն հարցերում:

Հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին: Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետևանքով կան բազում մարդկային կորուստներ:
Հստակ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինային:

Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն: Շնորհակալ ենք նաև ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար:

Հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը և իրականացվելիք քայլերը:
Անդրադարձել ենք հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու քննարկել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում բարձր եմ գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը և իր առանցքային դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:

ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար ապացուցել է, որ հուսալի գործընկեր է և կարևոր հարթակ, որտեղ փոխըմբռնման և իրական բարեկամության մթնոլորտում կարող են քննարկվել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Քննարկել ենք նաև տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Երկուստեք կարևորել ենք ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը»:-0-