ԱԻՆ–ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը

14.02.2021, 20:00
ԱԻՆ–ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը
ԱԻՆ–ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում լուրեր են շրջանառվում, իբրև Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:

«Այս պահի դրությամբ վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ  տեղական ժամանակով ժամը 15:29-ին  տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում և հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է: Հորդորում ենք հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին», –  նշում են ԱԻՆ–ից:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ փետրվարի 13–ին տեղական ժամանակով ժամը 15։29–ին երկրաշարժ է գրանցվել Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 01:47-ին գրանցվել է երկրաշարժ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, 2.4 մագնիտուդով:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:–0–