17 նախարարությունից կմնա 12–ը. կառավարության կառուցվածքում փոփոխություններ են սպասվում. ԶԼՄ

18.12.2018, 19:46
17 նախարարությունից կմնա 12–ը. կառավարության կառուցվածքում փոփոխություններ են սպասվում:
17 նախարարությունից կմնա 12–ը. կառավարության կառուցվածքում փոփոխություններ են սպասվում. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում Հայաստանում 17 նախարարությունից կմնա 12 նախարարություն, գրում է Civil.net պորտալը։

«Առաջիկա օրերին կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը կմտնի շրջանառության մեջ։ Նոր փոփոխություններով նախատեսվում է առաջին փոխվարչապետի հաստիքի կրճատում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս պաշտոնը հատուկ ստեղծվել էր Սերժ Սարգսյանի վարչապետությունից հետո նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի համար», – գրում է հրատարակությունը։ 

Հոդվածում նաև նշվում է, որ քննարկվում է փոխվարչապետերի թիվը երեքից մեկի հասցնելու հարցը։ 

Загружается новость ... "Лево"

«Ըստ փոփոխությունների՝ սփյուռքի նախարարությունը լուծարվում է։ Քննարկվում է տարբերակ, ըստ որի, սփյուռքի հետ կապերը համակարգվելու են փոխվարչապետի գրասենյակի կողմից։ Ստեղծվելու է ենթակառուցվածքների և պետգույքի նախարարություն։ Այս նախարարությունն իր մեջ ներառելու է տրանսպորտի, էներգետիկայի և պետգույքի ոլորտները», – նշվում է հոդվածում։

Պորտալը նաև հայտնում է, որ նոր նախարարությունը դառնալու է ամենախոշոր նախարարություններից մեկը։

«Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը դառնալու է կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Նախատեսվում է, որ կմիավորվեն տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունները»,– նշվում է հոդվածում։ 

Հաղորդվում է նաև, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ։ Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները միավորվելու են կրթության և գիտության նախարարության հետ։

«Որպես առանձին նախարարություններ կշարունակեն գործել ֆինանսների, արդադարադատության, առողջապահության և բնապահպանության նախարարությունները», – հայտնում է պորտալը։

Հոդվածում նաև նշվում է, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ իրականացնելու հարցը կարող է քննարկվել նոր ձևավորված ԱԺ առաջին նիստում, որը տեղի կունենա հունվարի առաջին աշխատանքային օրը։–0–