ԶԼՄ-ները հայտնում են մարզպետների պորտֆելների բաշխման հնարավոր տարբերակը

16.05.2018, 12:18
Առաջիկայում փոփոխությունների և պաշտոնանկությունների ալիքը հասնելու է նաև մարզպետներին:
ԶԼՄ-ները հայտնում են մարզպետների պորտֆելների բաշխման հնարավոր տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Առաջիկայում փոփոխությունների և պաշտոնանկությունների ալիքը հասնելու է նաև մարզպետներին: Այս օրերին քննարկումներ են ընթանում «Ելք», «Ծառուկյան» դաշինքների և ՀՅԴ-ի միջև, թե ինչպես պետք է բաշխվեն պորտֆելները, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:

ՀՅԴ-ին կրկին երկու մարզպետների պորտֆել կտրվի և կրկին նույն՝ Շիրակի ու Արագածոտնի մարզերում: Վերջինում կրկին նշանակվելու է նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը, հայտնում է թերթը:

ԲՀԿ-ն կրկին ավելի շատ ներկայացվածություն կունենա, քան ՀՅԴ-ն: Այս պահին հստակ է, որ ԲՀԿ-ին կտրվեն Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը: Որպես Արմավիրի մարզպետ՝ քննարկվում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի անունը:

«Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությանը կտրվեն Արարատի և Վայոց ձորի մարզերը, Լոռու մարզպետ կդառնա Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը: Իսկ Կոտայքի մարզպետ կդառնա ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը»,-գրում է թերթը:-0-