ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը երթուղային ավտոբուս է օգտագործել բերման ենթարկվածներին ոստիկանական բաժանմունք տեղափոխելու համար։
Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։

Երբ ցուցարարները հերթական անգամ փորձել են անցնել ճանապարհի երթևեկելի հատված և փակել երթևեկությունը, ոստիկանները կանգնեցրել են թիվ 1 երթուղին իրականացնող ավտոբուսը, դուրս հանել այնտեղ գտնվող քաղաքացիներին և սկսել մտցնել այն մարդկանց, որոնք այդ պահին գտնվում էին երթևեկելի հատվածում։
Ականատեսների տեղեկություններով, ավտոբուս են մտցրել 17 մարդու, այդ թվում` երեք անչափահասի։
Ցուցարարներն այսօր առավոտվանից փորձում են փակել երթևեկը Երևանի Արաբկիր վարչական շրջաննում, որտեղ նրանց պարբերաբար բերման են ենթարկում։
Ոստիկանները պարբերաբար հայտարարում են, որ ակցիաներն անօրինական են, ու ակտիվիստների իրականացրած բոլոր գործողությունները դեմ են օրենքին, և ոստիկանությունը օրենքով նախատեսված կարգով կարող է բերման ենթարկել նրանց։
Ավելի վաղ ոստիկանությունը կանգնեցրել է «Երազ» մակնիշի ավտոմեքենա, ուր մտցրել է յոթ քաղաքացու, այդ թվում` երկու կնոջ։–0–