ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն շաբաթ օրն իր հայ գործընկերոջը` Արսեն Թորոսյանին է փոխանցել «Սպուտնիկ V» COVID-19–ի դեմ ռուսական պատվաստանյութի նմուշները, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
«Այս դժվարին ժամանակներում դուք բախվել եք երկու խնդրի հետ` համաճարակաբանական վիճակի և ռազմական վնասվածքներ ունեցող մեծ թվով պացիենտների հետ։ Դա, իհարկե, մեծ մարտահրավեր է։ Եվ այն, ինչ բժիշկներն անում են, մեծ հերոսություն է, այդ պատճառով մեր գործընկերները, Ռուսաստանի բժիշկները պատրաստ են օգնել և ոչ միայն ինֆեկցիոն հարցերում», – ասել է Մուրաշկոն Թորոսյանի հետ զրույցում։
Մուրաշկոյի խոսքով, հաշվի առնելով այսօր վնասվածքաբանության և նեյրովիրաբուժության կարևորությունը` ռուս մասնագետները պատրաստ են հայ գործընկերներին ցուցաբերել և գործնական, և խորհրդատվական աջակցություն։
«Եվ այսօր մենք բերել ենք ռուսական պատվաստանյութի նմուշներն ու կցանկանայինք դրանք փոխանցել ձեզ», – ավելացրել է նա։
Ռուսաստանն օգոստոսի 11–ին աշխարհում առաջինը գրանցել է կորոնավիրուսի պատվաստանյութը, որն անվանվել է «Սպուտնիկ V»: Պատվաստանյութը մշակվել է ՌԴ ԱՆ Գամալեի անվան կենտրոնի կողմից։–0–