Թարմ տեղեկատվություն համաճարակային իրավիճակի մասին

09.01.2016, 15:41
ՀՀ առողջապահության նախարարությունը հունվարի 9–ին արագ արձագանքման խմբի հերթական խորհրդակցության ժամանակ կատարել է համաճարակային իրավիճակի ամենօրյա վերլուծություն:
Թարմ տեղեկատվություն համաճարակային իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը հունվարի 9–ին կազմակերպված արագ արձագանքման խմբի հերթական խորհրդակցության ժամանակ կատարել է համաճարակային իրավիճակի ամենօրյա վերլուծություն: 

Ինչպես հաղորդում է ԱՆ մամուլի ծառայությունը, հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ:

«Հունվարի 9–ի տվյալներով հոսպիտալացված է 85 հղի, որից 20–ի մոտ` թոքաբորբ», – նշվում է ԱՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հայաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է չորսի. գլխավոր ինֆեկցիոնիստ>>

Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում, այսօրվա տվյալներով, բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին: Նրանցից մեկը հղի է:

Ինչպես նշում է ԱՆ–ն, ծանր հիվանդների թիվը մնացել է նույնը, ինչը վկայում է այն մասին, որ իրազեկման շնորհիվ հաջողվել է բարձրացնել բնակչության զգոնությունը և ապահովել հիվանդների դիմելիությունը հնարավորինս վաղ փուլերում: 

«Հունվարի 8-ի դրությամբ տոնական օրերի համեմատ Երևանում նվազել է շտապօգնության կանչերի թիվը: 937 կանչից միայն 180-ն է պայմանավորված եղել սուր շնչառական վարակներով»,  – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է հանրապետությունում կազմակերպել առաջին հերթին ռիսկային հղիների համայցեր, ինչպես նաև ավելացնել երեխաների տնային այցերի հաճախականությունը:

Հայաստանում «խոզի գրիպի» համաճարակ չկա>>

ՀՀ առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տալիս գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ հանգստյան օրերին` հունվարի 9-ին և 10-ին, կաշխատեն Երևանի և ՀՀ մարզերի ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունները։

Նախարարությունը նշում է, որ իրավիճակը վերահսկելի է, ներկայումս համաճարակի վտանգ չկա, սակայն խորհուրդ է տալիս պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցառումները:–0–