Հայաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է չորսի. գլխավոր ինֆեկցիոնիստ

08.01.2016, 18:39
Հայաստանում «խոզի գրիպից» չորս մարդ է մահացել, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։
Հայաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է չորսի. գլխավոր ինֆեկցիոնիստ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «խոզի գրիպից» չորս մարդ է մահացել, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։

«Սրանք այն դեպքերն են, երբ բժշկությունն անզոր էր, քանի որ գրիպը հանգեցրել էր խրոնիկ հիվանդությունների բարդության կամ մարդիկ չափազանց ուշ էին դիմել բժշկի։ Հիմա Հայաստանի հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ութ մարդ, որոնց մոտ ախտորոշվել է «խոզի գրիպ»։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին։ Նրանցից մեկը հղի է», – ասաց Ասոյանը։

Նա տեղեկացրեց, որ հոսպիտալացվել է 150 երեխա, 120 հղի։ Նման ախտորոշմամբ հիվանդներ կան նաև ծննդատներում։ Բոլոր ծննդատներին կցված են ինֆեկցիոնիստներ։ Ընդհանուր առմամբ, գրիպով տառապող հիվանդների շուրջ 80 տոկոսի մոտ ախտորոշվել է H1N1 վիրուսի ենթատիպ («խոզի գրիպ»)։

Գրիպով և ՍՇՎ–ով հոսպիտալացված հիվանդների թիվը Հայաստանում մոտենում է 600–ի>>

«Մի քանի հազար հիվանդի բուժման նպատակով որպես հակավիրուսային միջոց նշանակվել է «Տամիֆլյու» դեղամիջոցը։ Անապահով մարդկանց այդ դեղորայքը տրամադրվում է անվճար», – ասաց Ասոյանը։

Նրա խոսքով`  ուժեղ քրտնարտադրությունը, կոկորդի ցավը և երկու օր շարունակ գրանցվող բարձր ջերմությունը (38 աստիճանի բարձր) այն գլխավոր ախտանիշներն են, որոնց ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։

Ասոյանը ևս մեկ անգամ կոչ արեց բնակչությանը չզբաղվել ինքնաբուժությամբ և ժամանակին դիմել բուժօգնության։

«Հատկանշական է, որ «Շտապօգնության» կանչերի թիվն այս օրերին հասել է 950–ի, այն դեպքում, երբ այդ թիվը կազմում է 650», – ասաց Ասոյանը։

Առողջապահության նախարարության տվյալներով` հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, որից 461-ը 0-18 տարեկան են, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։–0–