Քրեական գործ է հարուցվել Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ

18.04.2018, 11:39
Քրեական գործ է հարուցվել Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ:
Քրեական գործ է հարուցվել Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. 2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք ապրիլի 16–ին ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշումն անտեսելով, շարունակել են հակաիրավական գործողությունները, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ապրիլի 17-ի երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքից և երթից հետո հավաքի շուրջ 60-70 մասնակիցները Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում, վրդովված նույն տարածքում մաքրման աշխատանքներ կատարող «Սանիտեք» ՍՊ ընկերության աշխատակիցների գործողություններից, խաթարելով ավտոտրանսպորտային երթևեկությունը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ՝ կոտրել են խաչմերուկի տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները:

Загружается новость ... "Лево"

Այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ են հասցրել նշված վայրին մոտեցած ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներին` պատճառելով գույքային վնաս: Բացի դրանից՝ նրանց կողմից բռնություն է գործադրվել ոստիկանների նկատմամբ, միաժամանակ առկա են առերևույթ տվյալներ զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից բռնության կիրառմամբ տարածքում իրենց մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են քաղաքացիների ու հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները խախտող իրադարձության՝ բռնությամբ, գույքի վնասմամբ զուգորդված հասարակական անվտանգությունը վտանգող՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու, անմիջականորեն ղեկավարելու և զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու, գույք վնասելու հատկանիշներ՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով (զանգվածային անկարգություններ):

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:

Ոստիկանությանը հանձնարարվել է դեպքի բոլոր մասնակիցներին ներկայացնել նախաքննությունն իրականացնող մարմնին:–0–