Քրեական գործ է հարուցվել Երևանում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ

23.09.2018, 16:43
Քրեական գործ է հարուցվել Երևանում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ:
Քրեական գործ է հարուցվել Երևանում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ 

2018 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի մի բնակիչ 40.000 ՀՀ դրամ գումար է վերցրել՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար: 

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, մի քաղաքացի 40.000 ՀՀ դրամ է տրամադրել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակչին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար: Վերջինս ստացած գումարը Երևան քաղաքի Շինարարներ փողոցում փոխանցել է որդուն, ով հիշյալ գումարից 25.000 ՀՀ դրամի չափով կատարել է տարբեր վճարումներ, իսկ 15.000 ՀՀ դրամը հայրը վերցրել և ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին:  

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար երկու ընտրողներին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 1-ին և 2-րդ մասերով», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:  

Երևանն այսօր քաղաքապետ է ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և 8 կուսակցություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան, «Երևանի հանրություն» դաշինք, թեկնածու՝ Անահիտ Թարխանյան, «Երևանցիներ» դաշինք, թեկնածու՝ Արարատ Զուրաբյան, «Երկիր ծիրանի» կուսակցություն, թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» կուսակցություն, թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, թեկնածու՝ Մանվել Գասպարյան, «Իմ քայլը» դաշինք, թեկնածու՝ Հայկ Մարության, «Լույս» դաշինք, թեկնածու՝ Արտակ Զեյնալյան, «Դաշնակցություն» կուսակցություն, թեկնածու՝ Միքայել Մանուկյան, «Հայք» կուսակցություն, թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան, Ռեֆորմիստների կուսակցություն, թեկնածու՝ Արտակ Ավետյան, «Օրինաց երկիր» կուսակցություն, թեկնածու՝ Մհեր Շահգելդյան։–0–