ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եթե պարզվի, որ հայ ժողովուրդն ուզում է, որպեսզի կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, կառավարությունը կքննարկի, թե ինչպես բավարարի հայ ժողովրդի այդ պահանջը և դա իրականացնելու ինչպիսի գործնական հնարավորություններ կան, հայտարարեց ՀՀ վարչապետը Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մեր կառավարությունը ժողովրդավարական, օրինական կառավարություն է: Եվ երբ որ մենք հայտարարում ենք, որ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում մամուլը պետք է լինի ազատ, առաջին ռեակցին այն է, որ եկեք այս կառավարության ողնաշարը ջարդենք: Սա իրավիճակի սխալ ընկալում է: Ես ուզում եմ բոլորին ասել, որ մեր ժպիտը չպետք է որպես թուլություն ընկալել: Բոլոր նրանք, ովքեր այսպես ընկալել են շատ փոշմանել են և շարունակելու են փոշմանել: Եվ երբ մենք ասում ենք, որ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում և ասում են, որ սրանք նախկին կառավարության նման չեն, եկեք քանդենք այս կառավարության ոտքերի տակ: Նրանք շատ ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն` բառի թե բուն, թե փոխաբերական իմաստով», - հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նա նշեց նաև, որ ընդհանուր իր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել. «Եկեղեցին կառավարվում է իր ծխական կառույցների միջոցով և պետք է շարունակվի այդպես լինել, և կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերի մեջ», - հայտարարեց Փաշինյանը:-0-