ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միացել է համաժողովրդական շարժմանը:
Նախօրեին Փաշինյանը հայտարարել է, որ չորեքշաբթի Կարապետյանի հետ նախատեսված բանակցությունները չեն կայանա, և բողոքի շարժումը վերսկսում է քաղաքացիական անհնազանդության տոտալ ակցիաները, քանի որ թավշյա հեղափոխությունը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին։ Դրան ի պատասխան` Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմությունն առաջ է քաշել նոր պահանջներ, ինչպես նաև նշեց, որ դիմել է ՀՀ նախագահին` առաջարկելով բոլոր քաղաքական ուժերին քննարկել ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Ինչպես Facebook–յան իր էջում հայտարարել է խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը, նա այս պահին գտնվում է Հանրապետության հրապարակում և կոչ է անում բոլորին միանալ:
«Կոչ ենք անում մեր ընտրողներին նույնպես մոբիլիզացվել և ժամը 11:00 միանալ խմբակցության պատգամավորներին Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցելու համար: Համաժողովրդական զարթոնքի այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը», – գրել է Լուիզա Սարգսյանը։
Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–