Կաշառք վերցնողը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, կաշառք վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, նշվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տարածած հաղորդագրությունում:
«Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել և արդար աշխատանքով կառուցել մեր ապագան: Կաշառք տալը և վերցնելը մեր երկրում քրեորեն պատժելի արարք են: Մեր աջակցությունն ենք հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում։ Անկեղծորեն հավատում ենք, որ համակարգում տեղ գտած կոռուպցիայի և հակաօրինական այլ երևույթների բացահայտումը կօգնի արմատախիլ անել դրանք և առողջացնել համակարգը», - հայտարարել է նա:
Նա նշել է նաև, որ առողջապահության նախարարության ողջ թիմով ցավ ու ափսոսանք են հայտնում կատարվածի համար:
Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն, օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ են ստացվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ -0-