Հինգշաբթի` հոկտեմբերի 3–ի առավել ուշագրավ նորությունները
04.10.2019,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 3–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 3–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է նախօրեին տարածված տեղեկատվությունն այն մասին, որ 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։
- ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների ընդունմանն, ըստ որոնց` նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դառնում է 68 հազար դրամ։
- ՀՀ արտաքին գործերի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»: Այդ մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:
- Շաքարավազի հայկական շուկայում հայտնվել են նոր ներմուծողներ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Ավելի վաղ Հայաստանի շաքարի շուկայում ներմուծման գրեթե 80%-ը բաժին էր հասնում «Ալեքս Հոլդինգին», որը պատկանում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին: Ընկերությունը բազմիցս տուգանվել է շուկան մոնոպոլիզացնելու և շաքարի գները թելադրելու փորձի համար:
- ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
- Հոկտեմբերի 1-ին ՀՀ Տավուշում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանն այսօր մահացել է: