ՀՀ–ում ՌԴ դեսպանությունն արձագանքել է Երևանում Գրիբոյեդովի արձանի նկատմամբ վանդալիզմի ակտին

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ` Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի նկատմամբ վանդալիզմի ակտի հետ կապված։
«Կիսում ենք հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Ս.Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ իրականացված տգեղ արարքի վերաբերյալ առավելագույն հստակ բնորոշմամբ հանդես եկած պաշտոնական Երևանի դիրքորոշումը:
Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն խորքային պատմական արմատներ»,– նշվում է ՌԴ դեսպանության Facebook–ում տարածած հաղորդագրության մեջ։
Իսկ ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Արմենպրես»–ի հետ զրույցում նույնպես դատապարտել է կատարվածը։
«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,– մեջբերում է աղբյուրը Կարապետյանի խոսքերը։
Հիշեցնենք, որ նախօրեին քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդին Facebook–յան ուղիղ եթերում հայտարարել էր, որ վանդալիզմի ակտ է արել` ելնելով «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքից։ Նա իր քայլը բացատրել է իշխանությունների անգործությամբ։
«Ես արել եմ դա դեկտեմբերի 2–ին` Հայաստանի բոլշևիկացման օրն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքու կատարած այցի օրը», – ասել է Շահենը` նշելով, որ «Նժդեհի «ցեղակրոն» գաղափարախոսությունն իր համար պարզապես խոսքեր չեն»։
Ինչպես ավելի վաղ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը, Շահեն Հարությունյանը կանչվել է ոստիկանություն և ցուցմունք տվել Գրիբոյեդովի արձանի նկատմամբ կատարած վանդալիզմի ակտի առնչությամբ։
«Երեկոյան Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների և կամավորների ջանքերով մաքրվել են Գրիբոյեդովի հուշարձանի ներկի հետքերը»,– նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook–յան էջում։–0–