ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Կապանի օդանավակայանը կվերագործարկվի առաջիկայում։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը, օդանավակայանի վերագործարկումը նախատեսվում է իրականացնել 2018 թ.–ի հունիս–հուլիսին։
Մինչև ղարաբաղյան պատերազմի սկիզբը` 90–ականների սկզբներին, Կապանում գործող փոքր օդանավակայանն ընդունում էր ЯК–40 և բեռնատար ԱՆ–14 ինքնաթիռներ։ Կապանի և Բերդի օդանավակայանները փակվեցին Ադրբեջանի կողմից իրականացվող անդադար գնդակոծությունների պատճառով և մինչև հիմա չեն գործում։
Սաղաթելյանի խոսքով, Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերը կիրականացվեն L 410 չեխական ինքնաթիռով։

«Ինքնաթիռի տեղափոխումը Հայաստան, տեխզննումն ու ներկումը բավականին երկար ժամանակ տևեցին։ Ինքնաթիռում կա 19 տեղ», – տեղեկացրեց Սաղաթելյանն ու հավելեց, որ կախված պահանջարկից` ինքնաթիռների քանակը կարող է ավելանալ։
«Կապանը բավականին հեռում է Երևանից։ Նորմալ չէ, որ գործարարները պետք է ճանապարհի վրա ծախսեն 5 ժամ։ Դա խոչընդոտ է բիզնես–հանրության համար։ Հենց այդ պատճառով չվերթի վերագործարկման պատճառներից մեկը Սյունիքի տնտեսական ակտիվությանն աջակցելն է», – ընդգծեց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ինքնաթիռով Երևանից Կապան հնարավոր կլինի հասնել կես ժամում։
«Չվերթի վերագործարկման պատճառներից է նաև Սյունիքից Երևան հիվանդների արագ տեղափոխման ապահովումը։ Մեզ մոտ արդեն տարուց ավել է` գործում է Սյունիքի զարգացման հիմնադրամը, որը պատրաստակամություն է հայտնել սուբսիդավորել ավիատոմսերի արժեքը նման դեպքերում, ինչպես նաև այլ սոցիալական խնդիրների առկայության պարագայում», – ասաց Սաղաթելյան` ավելացնելով, որ նախնական հաշվարկներով երկկողմ ավիատոմսի արժեքը կկազմի մոտ 30–40 հազար դրամ։
Սաղաթելյանի խոսքով, ինքնաթիռն արժե մոտ 5,5 մլն եվրո։–0–