ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը հաղորդում է այսօր Էրեբունիում աղջկա պատանդ վերցրած տղամարդու ինքնությունը։
Ինչպես հաղորդում է գերատեսչությունը, այսօր ժամը 15։30–ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկում մի տղամարդ պատանդ էր վերցրել մի քաղաքացուհու։

«Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության ղեկավարության և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Պատանդ վերցրած անձի հետ բանակցություններ են սկսվել։ Երբ ավելի քան 1 ժամ տևած բանակցություններից ակնհայտ է դարձել, որ նա փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է սպառնում, մասնավորապես, բանակցությամբ հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուին վնասազերծելու որոշում է կայացվել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Պատանդն ու վնասազերծվածը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել։
«Պարզվել է, որ պատանդ վերցնողը 1986 թ.–ին ծնված Գոռ Հակոբյանն է, ում կողմից մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացուհին գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն», – հաղորդում են գերատեսչությունից։–0–