Հայտնաբերվել է Երևանի բուքմեյքերական գրասենյակում աղմկահարույց սպանություն կատարողը. մանրամասներ

20.02.2016, 18:30
Ոստիկանները հայտնաբերել են 2015 թ.–ի դեկտեմբերի 24–ին Երևանի բուքմեյքերական գրասենյակներից մեկում աղմկահարույց սպանություն կատարած Կարեն Շահինյանին։
Հայտնաբերվել է Երևանի բուքմեյքերական գրասենյակում աղմկահարույց սպանություն կատարողը. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները հայտնաբերել են 2015 թ.–ի դեկտեմբերի 24–ին Երևանի բուքմեյքերական գրասենյակներից մեկում աղմկահարույց սպանություն կատարած Կարեն Շահինյանին։

Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության ու հետախուզվողներով զբաղվող վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, թե որտեղ է գտնվում 33-ամյա Կարեն Շահինյանը:

Նա կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին բուքմեյքերական գրասենյակներից մեկում առանձնակի դաժանությամբ 28-ամյա Արթուր Նազարյանին սպանելու մեջ, որից հետո Շահինյանը դիմել էր փախուստի՝ հատելով հայ-վրացական սահման։

Տղամարդու դի է հայտնաբերվել Երևանի բուքմեյքերական գրասենյակներից մեկում>>

Կայքի հաղորդմամբ` ՀՀ և ՌԴ ոստիկանության աշխատակիցների համագործակցության արդյունքում Շահինյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում։

Առաջիկայում Օրենբուրգ են մեկնելու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները և ռուսական կողմին են ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր, որից հետո 4-5 ամսվա ընթացքում կասկածյալը տեղափոխվելու է Հայաստան։

Կայքը նաև տեղեկացնում է, որՀայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Արթուր Խաչատրյանը միջնորդություն էր ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանքի որոշում կայացնի 32-ամյա Կարեն Շահինյանի նկատմամբ: Դատարանը բավարարել էր ավագ քննիչ Խաչատրյանի միջնորդությունը, և եթե սպանությունը կատարող կասկածյալը հայտնաբերվեր, նա կտեղափոխվեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով հսկայածավալ ու հավաստի օպերատիվ գործողություններ,  պարզել էին, որ սպանությունը Շահինյանը դեկտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կարմիր գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում հատել էր հայ-վրացական սահմանը, մինչդեռ ոստիկաններն ու քննիչները դեպքի մասին իմացել էին ժամը 12:30-ի սահմաններում։ –0–