Հայ քանդակագործը ցնցող նվեր է պատրաստում Հռոմի պապի համար

30.05.2016, 15:02
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի հունիսի 24-ին:
Հայ քանդակագործը ցնցող նվեր է պատրաստում Հռոմի պապի համար

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի հայ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն աշխատում է ցնցող հարթաքանդակի ստեղծման վրա, որը ողջ հայ ժողովրդի անունից նվիրելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապին:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի կարգախոսն է` «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

«Երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինձ մոտ միանգամից ցանկություն առաջացավ անակնկալ պատրաստել Սրբազանի համար: Երբ հայտնի դարձավ նրա հայաստանյան այցի օրը, ես սկսեցի «Լռության րոպե» բարելիեֆի ստեղծման աշխատանքները», - ասաց երկուշաբթի լրագրողներին Առաքելյանը:

Նրա խոսքով, չորս մետր երկարություն և մեկ մետր բարձրություն ունեցող հարթաքանդակի կենտրոնում Կենաց ծառն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի բարգավաճումը: Քանդակը պատրաստվելու է բրոնզից և ոսկուց: 

Հաստատվել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցի կարգախոսը և տարբերանշանը>>

«Գաղափարն այն է, որ ողջ աշխարհը եկել է Կենաց ծառի մոտ` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին` ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև` այլ ազգերի: Ես ցանկանում էի ցույց տալ նաև, որ հայ ժողովուրդը չի ոչնչացվել, այլ հակառակը` ապրում և բարգավաճում է», - ասաց նա:

Հարթաքանդակը պատկերում է ավելի քան 220 ֆիգուր, որոնց թվում են նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Ամենայն Հայոց Կոթողիկոս Գարեգին Բ-ն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը, ինչպես նաև հրեաների և մուսուլմանների հոգևոր առաջնորդները։

«Ես կցանկանայի, որ այդ քանդակը փոխանցվի Հռոմի պապին` որպես նվեր հայ ժողովրդի անունից` ի նշան երախտագիտության: Կցանկանայի, որ նվերը հանձներ կամ մեր երկրի նախագահը, կամ հոգևոր առաջնորդը», - նշեց Առաքելյանը:

Քանդակագործի խոսքով, հարթաքանդակը նախատեսվում է ավարտել հունիսի 15-ին, իսկ այցից մի քանի օր առաջ քանդակի մի մասը ցուցադրվելու է հատուկ ցուցահանդեսին: -0-