Գործարկվում է երթևեկության խախտումների գործով կայացված որոշումների «TELEGRAM» բջջային հավելվածը

30.05.2017, 20:58
Համակարգի միջոցով կարելի է տեղեկություն ստանալ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործով որոշումների մասին:
Գործարկվում է երթևեկության խախտումների գործով կայացված որոշումների  «TELEGRAM» բջջային հավելվածը
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Համակարգից օգտվելու համար անձը պետք է ներբեռնի «TELEGRAM» բջջային հավելվածը, որում փնտրի և ընտրի «ROADPOLICEbot» ենթահավելվածը:

Այնուհետև, անհրաժեշտ է համապատասխան ցանկից ընտրել «գրանցել նոր մեքենա» հրահանգը և մուտքագել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (12YY345 կամ 345YY12 ձևաչափով) և հաշվառման վկայագրի սերիա-համարը (օրինակ՝ LZ999999 ձևաչափով):

Загружается новость ... "Лево"

 «Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցի տվյալներն ավելացվել են վարչական որոշումների վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ցանկում», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան պատասխան:

Բջջային հավելվածի ներբեռնումն ու հետագայում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ դիտելն անվճար են:

ՃՈ–ն տեղեկացնում է նաև, որ ներկայումս համակարգը գործում է փորձնական եղանակով:–0–