«Ձեռքերը հատուկ կտրել եմ, որ էն աշխարհում էլ գողություն չանի». Էջմիածնում սպանության համար կասկածվողը խոստովանել է իր մեղքը (ՎԻԴԵՈ)

05.12.2017, 20:50
71–ամյա տղամարդը սպանել, այնուհետև կացնով կտրել էր իր զոհի դաստակները։
«Ձեռքերը հատուկ կտրել եմ, որ էն աշխարհում էլ գողություն չանի». Էջմիածնում սպանության համար կասկածվողը խոստովանել է իր մեղքը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան դաժան սպանություն է տեղի ունեցել Էջմիածնում։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, ժամը 10.30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 71–ամյա Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 9.30-ի սահմաններում Սլավիկ Մ.-ն գումարային հարցի շուրջ վիճել է 65–ամյա Խորեն Սարգսյանի հետ, ինչի ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ է նրան հասցրել, իսկ սպանելուց հետո կացնով անդամահատել է դաստակները:

«Ինքը էն աշխարհում հանգուցյալներին հանգիստ չէր թողնելու, ձեռքերը հատուկ հենց դրա համար եմ կտրել, որ գողություն չանի», – նշել է կասկածյալը։

Սլավիկ Մ.-ն ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ՀՀ ՔԿ–ի հաղորդմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։–0–