Դենդրոպարկ կստեղծվի Բյուրականի աստղադիտարանի տարածքում

20.11.2017, 20:34
Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքներում կստեղծվի դենդրոպարկ։
Դենդրոպարկ կստեղծվի Բյուրականի աստղադիտարանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքներում կստեղծվի դենդրոպարկ։

Ինչպես հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է հիմնել դենդրոպարկ աստղադիտարանի տարածքում։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Այցելության նպատակը գիտական կենտրոնի հետ համագործակցության նոր փուլի մեկնարկն էր:

Մինասյանը շրջայց է կատարել Բյուրականի աստղադիտարանի տարածքում, ծանոթացել պուրակի ներկա վիճակին: Նախարարին ներկայացվել է նաև  մեծ աստղադիտակի աշխատանքը: 

Загружается новость ... "Лево"

Աստղադիտարանի տնօրինությունը դեռևս 2010 թվականին հանդես էր եկել իրեն պատկանող տարածքներում դենդրոպարկ հիմնելու նախաձեռնությամբ: Առաջարկի մասին տեղյակ էր պահվել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել էր օպերատիվ գործողություններ սկսել այդ ուղղությամբ:

Արծվիկ Մինասյանը նկատել է, որ Աստղադիտարանի 50 հա տարածքը հարուստ է բույսերով և կենդանիներով, և դրանց տեսակների ավելացումը կարևոր է ազգային արժեք համարվող աստղադիտարանի համար, ինչ նպատակով էլ առաջարկել են ստեղծել դենդրոպարկը: 

«Աստղադիտարանի տարածքում դենդրոպարկի առկայությունը կհամադրի էկոտուրիզմը և գիտական տուրիզմը, ինչը կնպաստի արտերկրից Հայաստան մասնագետների հոսքին: Համաձայնագրով մեծ գործընթացի մեկնարկ է տրվում` շրջակա միջավայրի պահպանության գործում գիտական կենտրոնների ուղղակի ներգրավման ձևաչափով»,- նկատել է Արծվիկ Մինասյանը։

Նախարարը տեղում պատասխանատու ստրաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է մեկշաբաթյան ժամկետում մշակել միջոցառումների ծրագիր:–0–