Ցիկլոնը մոտենում է. ամենուրեք սպասվում է ձյուն

06.12.2017, 10:48
Երևանի բարձրադիր գոտում կձևավորվի 5-10 սմ, ցածրադիր գոտում՝ 2-5 սմ ձնածածկույթ:
Ցիկլոնը մոտենում է. ամենուրեք սպասվում է ձյուն

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված արդեն Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում», – հաղորդում է Սուրենյանը Facebook–յան իր էջում։

Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը, 07-10-ին՝ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, Երևանում և Արարատյան դաշտում այսօր սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Երեկոյան ժամերից տեղումները կվերափոխվեն ձյան և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 7-ի առավոտ, որից հետո աստիճանաբար կդադարեն։

«Կանխատեսվում է, որ Երևանի բարձրադիր գոտում առաջիկա գիշերը կձևավորվի 5-10 սմ, ցածրադիր գոտում՝ 2-5 սմ ձնածածկույթ», – հաղորդում է գերատեսչությունը։–0–