Բերդ քաղաքում մոր և որդու սպանության գործով կալանավորվել է Տավուշի մարզի 27-ամյա բնակիչը

28.12.2018, 12:55
Նշանակվել են դատաձեռագրաբանական, դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:
Բերդ  քաղաքում մոր և որդու սպանության գործով կալանավորվել է Տավուշի մարզի 27-ամյա բնակիչը
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի 27-ամյա բնակչին, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են: Նախաքննությամբ պարզվել է, որ վերջիններս մայր և որդի են:

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն):

«Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Բերդ քաղաքի բնակիչներին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառել է Տավուշի մարզի` 1991 թվականին ծնված բնակիչը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է։
Նշանակվել են դատաձեռագրաբանական, դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։-0-